Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը:
Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի իրենց պահանջը չի փոխվել: Ամփոփելով ելույթը՝ նա ներկայացրել է առաջիկա անելիքները, դիմել է խորհրդարանական խմբակցություններին՝ պահանջելով հունիսի 11-ին նախաձեռնել Ազգային ժողովի նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով: Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել:
Քայլ 3-րդ՝ համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող Կառավարության հրաժարականին և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը:
Ուշագրավ է, որ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը, ինչը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չունեն։ Իսկ անվստահության որոշում կայացնելու համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, ինչը առավել քան անիրատեսական է։