Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.
Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:
Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:
Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս»:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել էր Բուչա, Այդ մասին հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի՝ Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել էր մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե «Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով», որը նրանց է փոխանցել Կիևը»: Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ ինքը գործելաոճ դարձած աբսուրդ հայտարարություններ և ստեր չի մեկնաբանում: