ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին այցելել է Արմավիրի մարզում գործող «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղ, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ և «ՄԱՊ» ՓԲԸ։
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ընկերությունների ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարաններում, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին ու նախատեսվող ծրագրերին։
Շրջայցի ընթացքում քննարկվել են խաղողի մթերման, հայկական կոնյակի նոր անվանման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն, վերաբրենդավորման, միջազգային հարթակներում տեղական արտադրանքի գրավչությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր։
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի տնօրենը շեշտել է, որ ընկերությունն իրականացնում է թթի անսահմանափակ մթերում։
Անդրադարձ է կատարվել պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունները կարող են ընդլայնել իրենց գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։
Նախարարը գոհունակությամբ նշել է, որ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը շոշափելի ազդեցություն են ունենում վերամշակող ընկերությունների զարգացման գործընթացներում։