Հունիսի 14-ից կգործարկվի առողջապահության ոլորտի թվային ծառայությունների էլեկտրոնային հարթակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առողջապահության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտերի ընդունումից մինչև լիցենզիայի տրամադրում ամբողջ գործընթացը և այլ ծառայությունների տրամադրումն ամբողջովին թվայնացվում է:
Համակարգի միջոցով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, անցնելով խիստ նույնականացում, «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, օրինակ` դեղատնային գործունեության իրականացման համար, կարող է դիմել հետևյալ ծառայությունների համար՝
• դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու.
• այլ վայրում ևս դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու.
• դեղատնային գործունեության իրականացման վայրի փոփոխման լիցենզիա ստանալու.
• դեղագետի/դեղագործի մասնագիտական փաստաթղթերի և պայմանագրերի ներկայացման:
Համակարգը հնարավորություն է տալու համապատասխան ծառայություններին դիմել նաև լիազորված անձի միջոցով։
Եթե իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համապատասխան ծառայությանը պետք է դիմի լիազորված անձի միջոցով, ապա լիազորված անձը նախ պետք է համակարգի միջոցով լիազորագրի տվյալները տրամադրի Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությանը՝ դիմելով «Լիազորված անձի կողմից լիազորագրի տվյալների տրամադրում» ծառայությանը։