Պետքարտուղարությունն անդրադարձել է Վրաստանում զանգվածային ցույցերի պատճառ դարձած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը: «Վաշինգտոնը խորապես մտահոգված է Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողություններով և հռետորաբանությամբ։ Դրանք վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան, ինչը հակասում է երկրի Սահմանադրությանը և ժողովրդի ցանկություններին»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:
Մեթյու Միլլերը հիշեցրել է, որ օրերս Էնթոնի Բլինքենը հայտարարել է Միացյալ Նահանգներ-Վրաստան երկկողմ գործակցության համապարփակ վերանայման մասին: Նա տեղեկացրել է, որ այդ համատեքստում Վաշինգտոնը Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ կկիրառի:
Միլլերի խոսքով՝ «այդ ցուցակում են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու կամ մեղսակից անձինք և նրանց ընտանիքների անդամները»:
«Առաջին փուլում սահմանափակումներ են կիրառվում «Վրացական երազանք» կուսակցության անդամների, խորհրդարանի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և որոշ քաղաքացիների նկատմամբ»,- մանրամասնել է պետքարտուղարության խոսնակը:
Նա շեշտել է՝ Վաշինգտոնը հուսով է, որ Վրաստանի իշխանությունը կվերանայի իր գործողությունները: «Հակառակ դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել»,- նախազգուշացրել է Միլլերը:
Վրաստանի փոխվարչապետ Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ Վաշինգտոնը հերթական սխալն է գործում:
Մանրամասները՝ ռեպորտաժում։