Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ կենտրոնանալով արդյունքների վրա։ Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչությունից։
«ԵՄ-ն ՀՀ Կառավարությանը 3․5 միլիոն եվրո է փոխանցել 11 միլիոն եվրո բյուջե ունեցող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) (Հոդվածներ 4 և 12)՝ երկրի ստանձնած պարտավորությունների, ԵՄ լավագույն փորձի, ինչպես նաև արդարադատության ոլորտում ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունից բխող առաջարկություններին համահունչ։
Վճարումը կարևոր քայլ է, որով արձանագրվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգի ուղղությամբ առաջընթացի ճանաչումը, այն ՝ բարելավված հաշվետվողականության և բարեվարքության ապահովում, մասնավորապես՝ դատավորների և դատախազների բարեվարքության ստուգումների շարունակականության և բոլոր գործող դատախազների, դատավորների և քննիչների անձեռնմխելիության կանոնավոր ստուգումների մեխանիզմի ներդրման միջոցով, բարելավված արդյունավետության և արդարադատության մատչելիության ապահովում՝ ինտեգրված էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառման միջոցով, ինչպես նաև դատավորների, դատախազների և քննիչների համար համապարփակ գնահատման, նշանակման և բողոքարկման մեխանիզմների ներդրում։
Սա ընդգծում է շահագրգիռ բոլոր կողմերի՝ Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Կոռւպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, Ազգային ժողովի և ՔՀԿ-ների շարունակական արտակարգ հանձնառությունը։
Փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն և ջանքեր, ինչպես նաև արդարադատության ոլորտի հաստատություններում կարողությունների զարգացում»,- ասված է հաղորդագրության մեջ: