ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:
Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին:
Ընտանեկան և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ խնդիրը դեռևս 7-րդ գումարման խորհրդարանում է ուշադրության արժանացել, իրականացվել են ուսումնասիրություններ, շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպվել են քննարկումներ և խորհրդարանական լսումներ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական առաջարկն անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ավանդույթներ, որոնք օրենսդրական կարգավորումից դուրս են:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանը, կարևորելով նախաձեռնությունը, հարակից զեկույցում խոսել է վաղ ամուսնության հետևանքով աղջիկների առողջական խնդիրների մասին, կարևորել հատկապես համայնքներում ամուսնության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանն ուղղված իրազեկումը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս կարևորել է փաթեթի ընդունումը, նշել, որ սա առաջին քայլն է՝ ցույց տալու նաև պետության վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ: «Պետությունն իր վերաբերմունքը պետք է արտահայտի այն հանգամանքի նկատմամբ, որ առնվազն չի խրախուսում երեխայի, մինչև 18 տարեկան անձի ամուսնությունը, բայց ինչպես կկառուցեն հարաբերությունները, դա իրենց կամարտահայտությունն է ինչպես մինչև 18 տարեկանը, այնպես էլ դրանից հետո»,- նշել է փոխնախարարը:
Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: