Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին հորդորել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել Միությանն անդամակցելու շուրջ: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիզոերոն։
«Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկի կետն ընդգրկվել է ԵՄ երկրների դեսպանների հանդիպման օրակարգում։ Մենք կարծում ենք, որ այդ հարցը փակված է։ Մենք տեղեկացրել ենք անդամ երկրներին, որ, մեր կարծիքով՝ Ուկրաինան և Մոլդովան կատարել են բոլոր պայմանները։ Այժմ որոշում կայացնելու հերթը անդամ երկրներին է»,- նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի տեսակետի մասին հայտնել էր բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Թերթի տվյալով՝ ԵՄ երկրները ցանկանում են Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել մինչև հուլիսի 1-ը՝ մինչև ԵՄ խորհրդում նախագահությունը Հունգարիային անցնելը: