ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մարզերի պարագայում բոլոր անձնագրային ծառայություններում կարող են գրել քաղաքացիություն ստանալու դիմում, իսկ Երևանում գտնվելու պարագայում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակում՝ վարչական շենքում (հասցեն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Այդ մասին «Լուրերի» եթերում ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը:
«Անչափահասների համար քաղաքացիություն ստանալու վարչարարություն չի տարվում, այսինքն՝ բավարար է, որ ընտանիքի չափահաս անդամները դիմումը ներկայացնեն, ընթացակարգով պրոցեսը հասնի իր ավարտին, իսկ պրոցեսի ավարտը տվյալ պարագայում համարվում է ՀՀ նախագահի հրամանագիրն այն մասին, որ դիմումատուին շնորհվում է ՀՀ քաղաքացիություն: Սրանից հետո արդեն ընտանիքի անչափահաս անդամների համար ծնողը մոտենում է ցանկացած անձնագրային ծառայություն և դիմում է գրում երեխային փաստաթղթավորելու համար ՀՀ անձնագրով: Այս դիմումն ինքնին նաև քաղաքացիության դիմում է երեխայի համար, և անձնագիր ստանալու միջոցով երեխաները ևս ստանում են ՀՀ քաղաքացիություն:
Միայն նշեմ, որ 16 տարին լրացած անձանց պարագայում երեխայի ներկայությունը և ստորագրությունը ևս պարտադիր է: Մնացած դեպքերում մի ծնողի ներկայությունը բավարար է՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկով»,- ասաց նա և հավելեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում չի զրկվում աջակցության ծրագրերից: