ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձևավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձևավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը և հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարությունն այլևս չի իրականացնում վերոնշյալ երկու գործառույթները: Նման պայմաններում նպատակահարմար չի համարվել նախարարության կազմում փորձաքրեագիտական վարչության առկայությունը: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ ՆԳՆ քննչական ծառայությունը և հետաքննչական գործառույթը մեծ մասամբ փոխանցվել են Քննչական կոմիտեին: Ըստ Արսեն Այվազյանի` այս հանգամանքով պայմանավորված` իրենք դիմել են Կառավարությանը` փորձաքրեագիտական գործառույթով օժտել Քննչական կոմիտեին:
Նշվել է, որ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Քննչական կոմիտեում արդեն ձևավորվել է փորձաքրեագիտական վարչություն: «Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ փորձել ենք ապահովել Ներքին գործերի նախարարության կազմում այս պահին դեռևս գործող փորձաքրեագիտական վարչության աշխատակիցների սոցիալական երաշխիքները»,- ընդգծել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և հավելել, որ նախատեսվում է պրոֆեսիոնալ կադրերին տեղափոխել Քննչական կոմիտեում ձևավորված փորձաքրեագիտական վարչություն:
«Եթե այս պահին ՆԳՆ կազմում նրանց աշխատավարձն ավելի բարձր կլինի, քան նորաստեղծ փորձաքրեագիտական վարչությունում առաջարկվելիք աշխատավարձը, ապա այս նախաձեռնությամբ ամրագրում ենք, որ կպահպանվի վերջիններիս` ՆԳՆ-ում այս պահին ստացած բարձր աշխատավարձը»,- մանրամասնել է զեկուցողը:
Անդրադառնալով նախատեսվող հաջորդ երաշխիքին` Արսեն Այվազյանը նշել է. «Նրանք, ովքեր ունեն 15 տարվա զինծառայության ստաժ, մենք ասում ենք` եթե դուք տեղափոխվեք և շարունակեք ծառայությունը, հետագա 5 տարին ձեզ համար կհամարվի զինծառայության երաշխավորված տարիներ»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ նախաձեռնությամբ առաջարկվող երաշխիքների չապահովման դեպքում տասնամյակների մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձինք կխուսափեն նորաստեղծ վարչություն տեղափոխվելուց:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը փաստել է` այսօր Քննչական կոմիտեում աշխատանքը դարձել է գրավիչ: Կարևորվել է ոլորտում ճիշտ կադրային քաղաքականության իրականացումը:
Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել փորձաքրեագիտական աշխատանք իրականացնող մասնագետների սոցիալական երաշխիքների ապահովմանն առնչվող օրենդրական նախաձեռնությանը:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: