Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը:
2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու և իրավաբանական անձի գրանցումը նաև ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: Նախանշված ժամկետը 2023 թվականի հունվարի 31-ն էր: Առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը՝ վերագրանցվելու համար դիմելու հնարավորություն տալով անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Հաջորդ փոփոխությամբ էլ հնարավորություն է տրվում ԼՂ կենսաթոշակային ֆոնդում ձեռավորված կենսաթոշակային հնարավորությունները տեղափոխել ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:
Վերոնշյալ փոփոխություններն առաջարկվում են կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում:
Նոր կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, նշել, որ փաթեթը մանրամասն քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
Հարակից զեկույցում պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել է դրական եզրակացություն ներկայացնել փաթեթի վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ևս պարզաբանումներ է ներկայացրել փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ, հստակեցրել, որ անհատական հաշիվներում առկա միջոցները երեք ամսվա ընթացքում տեղափոխելու համար դիմելու հնարավորություն կընձեռվի մեր հայրենակիցներին, եթե այդ ընթացքում չդիմեն, ապա դրանք կտեղափոխվեն ինքնաշխատ եղանակով:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: