ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Տնտեսական համագործակցության և զարգացման» կազմակերպության (OECD) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրավերով մայիսի 28-30-ն աշխատանքային այցով եղել է Լատվիայի և Լիտվայի Հանրապետություններում: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Գործուղման շրջանակում ուսումնասիրվել է երկու երկրների փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) թվային տեխնոլոգիաների ներդրման և բիզնես գործընթացների թվայնացման արագացման և պարզեցման հարցում տրամադրվող աջակցությունը, ներդրումային ծրագրերը, իրականացվող քաղաքականությունը, գործող ռազմավարական մոտեցումները:
Այս համատեքստում ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի և շրջակա միջավայրի պահպանության և տարածաշրջանային զարգացման նախարարությունների պաշտոնյաների, ինչպես նաև Լատվիայի ներդրումների և զարգացման գործակալության ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Լատվիայի թվային փոխակերպման ազգային ռազմավարությունը, ինչպես նաև Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու ՓՄՁ-ների թվայնացման գործընթացների արդիականացմանն ուղղված աջակցության ծրագրերը:
Այցեր են կազմակերպվել նաև լատվիական Liko R, RedFrog, Latvian IT Cluster և Latvian Digital Accelerator տեխնոլոգիական ընկերությունններ, ինչպես նաև Ռիգայի տեխնիկական համալսարանի գիտության և նորարարության կենտրոն (RTU SIC), որը օգնություն է տրամադրում ընկերություններին թվային և տեխնոլոգիական գործընթացները բարելավելու ուղղությամբ:
Լիտվայի Հանրապետությունում ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Իևա Վալեշկայտեի հետ։ Հանդիպան շրջանակում ներկայացվել է Լիտվայում թվայնացման քաղաքականության ռազմավարական մոտեցումները, Լիտվայի թվային տասնամյակի ազգային պլանի հիմնական դրույթները:
Այցի ընթացքում կազմակերպվել են նաև հանդիպումներ լիտվական մի շարք ընկերությունների հետ, այդ թվում՝ Litilit ընկերության, որը մասնագիտացված է հաջորդ սերնդի գերկարճ իմպուլսային լազերների արտադրության ոլորտում, Manufacturing Innovation Valley (MIV DIH) թվային ինովացիոն կենտրոնի, որը Լիտվայում հանդիսանում է որպես արդյունաբերության վերափոխման և տեխնոլոգիական առաջընթացի կատալիզատոր՝ առաջարկելով մի շարք ծառայություններ՝ հարմարեցված Վիլնյուսի և Կաունասի արտադրական ձեռնարկությունների բազմազան կարիքներին:
Ռուբեն Սիմոնյանը MIV DIH-ի տնօրեն Գինտարաս Վիլդանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, կենտրոնի հիմնական նպատակներին ու ծրագրերին, առաջարկվող ծառայություններին, որոնք օգնում են արտադրական ձեռնարկություններին բարելավել իրենց տեխնոլոգիական կարողությունները և արդիականացնել գործընթացները։