ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանրամասն քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:
Հաջորդիվ քննարկվել է 2024 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերն արագացել են, ինչը զուգորդվել է պետական ու մասնավոր սպառման աճերով: Միաժամանակ, զսպող դրամավարկային քաղաքականության դիրքի պահպանման պայմաններում գործընկեր երկրներում նկատվել է գնաճի կայունացում: Հումքային և պարենային ապրանքների միջազգային գներն ընդհանուր առմամբ նվազել են, տենդենցը շարունակվել է, պարենային ապրանքների միջազգային գները նվազել են 9,4 տոկոսով, պղնձի գները՝ 5,6 տոկոսով, նավթի և մոլիբդենի գներն աճել են, ինչն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա:
Արտահանման և ներմուծման տեսանկյունից 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է ապրանքների արտահանման 2,7 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է շուրջ 14,3 տոկոսով: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու վերարտահանմամբ՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ներմուծման աճը կազմել է 75,8 տոկոս, սակայն առանց վերարտահանման ազդեցությամբ ներմուծման աճը նվազել է 9,2 տոկոսով:
Տնտեսական ակտիվության առումով աճի բարձր տեմպերը շարունակվել են նաև 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ պայմանավորված հիմնականում առևտրի, ծառայությունների և շինարարության աճով՝ կրելով նաև ոսկերչական արտադրատեսակների վերամշակման կտրուկ աճի և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական գործունեության ազդեցությունները:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են 525 մլրդ դրամ՝ պլանավորված 563,1 մլրդ դրամի դիմաց, կատարողականը կազմել է 93,2 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են 8,6 տոկոսով: Ծախսերը կազմել են 525,9 մլրդ դրամ, կատարողականը՝ 82,5 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերն աճել են 24,4 տոկոսով:
Պակասուրդի մասով կատարողականը կազմել է 0,9 մլրդ դրամ, 77,4 մլրդ դրամ պլանային ցուցանիշների համեմատ կատարողականը կազմել է 1,2 տոկոս:
Փոխնախարարը ներկայացրել է նաև այլ ցուցանիշներ:
Վահան Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված տեղեկանքը: