Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:
Զեկուցողը տեղեկացրել է, որ հետագայում ԿԸՀ-ն նաև որոշակի հավելվածի զարգացման առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարող է ծանոթանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի հետ կապված տեղեկատվությանը: Նա նշել է, որ դրա նախնական դրսևորումները ներկայումս տեղադրված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:
Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործող կարգավորումներն ընդունվել են դեռևս 2006 թվականին: Գործող հրամանով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ» ՓԲԸ-ին, վերջինս թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում:
«Դրանք շատ դեպքերում չեն հասել, շատ դեպքերում վերադարձվել են` չպահանջված նշումով: Տեղեկացման այս եղանակն այլևս արդյուանվետ չէ, նաև էական ծախս է պետբյուջեի համար»,- արձանագրել է զեկուցողը և տեղեկացրել, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 մլն դրամ. ընտրություններում կար 827.000 ընտրող:
«Վերջին անգամ ընտրողների ռեգիստրը, որը տեղադրվել է ԿԸՀ կայքում, այս ամսվա մեկնարկին էր. մենք ունեցել ենք 2,4 մլն ընտրող: Եթե այս հաշվարկով գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին այս ծախսը կարող է գերազանցել 800 մլն դրամը, և դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվությունը մարդկանց հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,- ասել է Արմեն Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում դրական է գնահատել օրենսդրական առաջարկը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: