Այսօր Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է, ու ևս մեկ առիթ ընդգծելու անվտանգ սննդամթերքի կարևորությունը մարդու առողջության համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ 600 միլիոն մարդ (10-ից 1-ը) հիվանդանում է աղտոտված սննդի օգտագործումից, իսկ 420 հազարը մահանում են նույն պատճառով:
Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ոչ վաղ անցյալում նաև Հայաստանում արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման դեպք, որից տուժել է գրեթե 250 մարդ:
«Սա խնդիր է, որը համատեղ ջանքեր է պահանջում: Կարևոր է շեշտել, որ սննդամթերքի անվտանգությունը կոլեկտիվ պատասխանատվություն է, որտեղ բոլորը՝ արտադրողներից մինչև սպառողներ, ունեն հիմնարար պատասխանատվություն: Ու թեև կողմերը կատարում են իրենց պարտականությունները, մենք հաճախ ենք բախվում բացառիկ, անսպասելի իրավիճակների, որոնք կարող են վտանգել մարդու առողջությունը: Պետք է գիտակցել սննդամթերքի անվտանգության հետ կապված միջադեպերին պատրաստվելու կարևորությունը, անկախ նրանից, թե որքան մեղմ կամ ծանր են դրանք: Այդ դեպքերը կառավարելու պատրաստ լինելը պահանջում է սննդամթերքի անվտանգությունն ապահովող ամբողջ շղթայի՝ քաղաքականություն մշակողների, սննդամթերքի անվտանգության մարմինների, ֆերմերների, սնունդ արտադրողների ու վաճառողների, ջանքերը:
Սննդամթերքի անվտանգության անսպասելի խնդիրներից խոսափելու համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ջանում է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ, ուսումնասիրում է միջազգային փորձն ու քայլեր ձեռնարկում սննդամթերքի անվտանգությունը բարելավելու համատեղ մոտեցումներ, լուծումներ, ուղիներ մշակելու, միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար, կարևորում է սննդի շղթայի յուրաքանչյուր դերակատարի գործունեությունը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը: Այս համալիր մոտուցումը միայն կարող է ապահովել ոլորտի զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: