Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը։
Շրջանցիկ ճանապարհներն են․ Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։
Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: