Աղետի գոտում վերականգնվում են ճանապարհներ ու կամուրջներ, տիղմից մաքրվում տարածքներ, Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Մեծ աշխատանք է տարվել Քարկոփում, որտեղ, մաքրման աշխատանքներից բացի, որոշ հատվածներում վերականգնվել է ջրա- և էլեկտրամատակարարումը: Ակտիվ ընթացքի մեջ է վնասների գույքագրումը, որը հնարավորություն կտա վնասների փոխհատուցման ու աջակցության այլ ծրագրեր իրականացնել՝ տեղեկացրել է Սանոսյանը: Աղետի գոտում աշխատում են նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները, գնահատում իրավիճակը: Անհրաժեշտության դեպքում բնակիչները կապահովվեն դեղորայքով: Նախարար Սանոսյանը նշել է, որ գետի մակարդակի նվազումը թույլ է տվել վերհանել մի շարք խնդիրներ, որոնք կապված են նաև գետերի հուների հետ:
Գնել Սանոսյանը նշել է, որ կա օրենսդրական փոփոխությունների, ֆինանսական ավելի մեծ հատկացումների կարիք, որպեսզի հնարավոր լինի գետերի հուներում աշխատանքներ տանել, այդ հուները մաքրել, ափապաշտպան աշխատանքներ կատարել, քանի որ գետում շատ քարեր ու աղբ կա, ծառեր կան:
«Կամուրջներ ունենք, որոնց փլուզման պատճառը ծառային մեծ կուտակումն է եղել, որի համար կամուրջը դարձել է արգելք, կուտակված ջուրը բարձրացել է կամրջի վրա: Այդպիսի մտքեր կան, ինչպես նշեցի, յուրաքանչյուր գերատեսչություն իր աշխատանքն է անում, այս մասով էլ խնդրել ենք ՇՄՆ գործընկերներին դիտարկել և եթե կարիք կա նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որ մենք կարողանանք գետերի հուները բավարար չափով մաքրել»,- նշել է նախարարը: