ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին:
«Արևմտյան երկրների զինատեսակներով ՌԴ-ին հարվածելը նշանակում է նրանց ուղղակի մասնակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմին, և մենք մեզ իրավունք ենք վերապահում նույն կերպ գործել»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև անհեթեթություն է անվանել ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին խոսակցությունները։ «Նման վտանգ չկա, Ռուսաստանն Ուկրաինայում ինքնապաշտպանվում է: Այնտեղ ողբերգությունը սկսվել է հեղաշրջումից հետո»,- նշել է Կրեմլի ղեկավարը և համոզմունք հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ավարտվել, եթե ԱՄՆ-ը դադարեցնի Կիևին ռազմական մատակարարումները:
Պուտինն Արևմուտքին սպառնացել է «անհամաչափ պատասխանով», եթե Ուկրաինան ռուսական տարածքի վրա հարձակվի Արևմուտքից մատակարարվող զենքով:
Մոսկվան մասնավորապես դիտարկում է իր զենքն աշխարհի այլ տարածաշրջաններում տեղակայելու հնարավորությունը, որտեղից հեռահար զենքը կարող է ուղղել այն երկրների դեմ, որոնք Ուկրաինային զենք են մատակարարում:
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև կողմերի կորուստներին՝ պնդելով, թե ուկրաինական կողմը 5 անգամ ավելի շատ զոհ է տալիս, քան ռուսականը: Ըստ Պուտինի տվյալների՝ Ուկրաինայի զինված ուժերը, իբր, պատերազմում ամեն ամիս կորցնում են մոտ 50 հազար մարդ «սանիտարական և անդառնալի կորուստների տեսքով»։ Այսօր Ուկրաինայում կա գերեվարված 1348 ռուս զինծառայող, իսկ Ռուսաստանում գերության մեջ է 6465 ուկրաինացի զինծառայող:
Ուկրաինական կողմն էլ պնդում է, որ պատերազմի ընթացքում ռուսական զորքի կորուստը հասել է 513 700 զինծառայողի: