Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցող մի շարք անձինք ընդունել են մեղքը: Նրանց նկատմամբ զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է:
Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Լիլի Մկրյանը, Անի Գևորգյանը, որը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպրիյանը, նախարարության աշխատակիցներ Աշոտ Սողոմոնյանը և Սոնա Գրիգորյանը նախաքննության ընթացքում գործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ և դիմել այդ հիմքով իրենց նկատմամբ հետապնդումը դադարեցնելու համար:
Իսկ նախարարության մեկ այլ աշխատակցի՝ Աննա Ղարիբջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարելու հիմքով: Մյուս մասով, գործի քննությունը շարունակվում է, որով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, նա տնային կալանքի տակ է: