ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանը: 2024 թվականին Ռազմիկ Մարուքյանը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է Ե․ Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով նաև ժյուրիի մրցանակին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով Ռազմիկ Մարուքյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր հարթակում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլև մեր պետությունը և մշակույթն աշխարհին ներկայացնելու արդյունավետ միջոց։
«Այս հեղինակավոր հարթակում Ձեր տարած հաղթանակն առաջին հերթին վկայում է մեծ աշխատանքի մասին: Արվեստագետների, մշակույթի գործիչների ձեռքբերումների և ոլորտում ներդրած ջանքերի արժևորման նպատակով այս տարվանից ներդրվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու» ծրագիրը: «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթը ևս ընդգրկված է այդ ցանկում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Մարուքյանը խրախուսման ծրագրի առաջին շահառուն է։
Նրա խոսքով՝ պետությունը տարբեր միջազգային մրցույթների համար սահմանել է խրախուսումներ՝ ըստ կատեգորիաների՝ նպատակ ունենալով արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, որոնք նաև հնարավորություն կընձեռեն կենտրոնանալու ստեղծագործական աշխատանքի և մասնագիտական զարգացման վրա:
«Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթում 1-ին մրցանակի համար սահմանված է 460 հազար դրամ ամսական խրախուսում՝ մեկ տարի ժամկետով: Նախարարը Ռազմիկ Մարուքյանից հետաքրքրվել է նրա առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։ Բալետի երիտասարդ արտիստը տեղեկացրել է, որ ծրագրերը շատ են և հավակնոտ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական մոտեցում պահանջող ոլորտային խնդիրներին: Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ռազմիկ Մարուքյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ:
2009-2016 թթ. Ռազմիկ Մարուքյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնում։ 2017 թվականին ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի արտիստ, այնուհետև մենակատար, այժմ՝ առաջատար մենակատար։ Ռազմիկ Մարուքյանը գլխավոր դերերով հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» /Արմեն, Գիքո/, Ա. Խաչատրյանի «Սպարտակ» /Սպարտակ, Կրասոս/, Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» /Արբենին, Իշխան Զվեզդիչ/, Ա. Ադանի «Ժիզել» /Կոմս Ալբերտ/, Ժ. Բիզեի, Ռ․ Շչեդրինի «Կարմեն սյուիտ» /Էսկամիլիո/, Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» /Արքայազն Կիտրոն/, Ս․ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» /Ռոմեո/, Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» /Արքայազն Զիգֆրիդ/, Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» /Արքայազն/, Պ. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» /Արքայազն Դեզիրե/, Լ․ Մինկուսի «Դոն Կիխոտ» /Բազիլ, Էսպադա/ և այլ բալետային ներկայացումներում:
2017 թ. մասնակցել է Բելգիայում կայացած «Փրի Արաբեսկ» մրցույթին և արժանացել առաջին և «Լավագույն արտիստիկ կատարում» մրցանակներին։ 2017 թ. մասնակցել է Մոսկվայի 13-րդ բալետի արտիստների և խորեոգրաֆների միջազգային մրցույթին՝ արժանանալով դիպլոմի: 2018 թ. մասնակցել է USA IBC միջազգային դասական պարի մրցույթին՝ արժանանալով «Ժյուրիի համակրանք» մրցանակին: 2019 թ․ Սոչիում մասնակցել է «Молодой балет мира» դասական պարի մրցույթին՝ արժանացել 2-րդ մրցանակի: Նա հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: 2023 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: