Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 5-ի համատեղ նիստում նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Նախարարը ներկայացրել է այն ձեռնարկված քայլերը, որոնք նպաստել են ձեռնարկատիրական մուտքերի աճին, մասնավորապես․
ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներում վերանայվել են հողատարածքների վարձակալական մեկնարկային գները։ Վարձակալությունից մուտքերը «Դիլիջան», «Սևան» և «Արփի լիճ» ԱՊ-ների մասով ավելացել են մոտ 20%-ով՝ կազմելով մոտ 273.0 մլն դրամ։ Ինչպես նաև ավելացել է ներդրումային ծրագրերի թիվը՝ կնքվել է 16 պայմանագիր (2022 թվականին՝ 1 պայմանագիր), որոնց ներդրումային ընդհանուր արժեքը կազմում է 5.6 մլրդ դրամ՝ 2022 թվականի 59,0 մլն դրամի դիմաց։
Զգալիորեն աճել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման ծրագրերով տարածքների վարձակալության տրամադրման ցուցանիշները՝ մասնավորապես, 2023 թվականին թվով 75 կնքված պայմանագրերի արդյունքում տարեկան վարձակալական վճարները կազմել են շուրջ 43.0 մլն դրամ, որը 2022 թվականի համեմատ ավելի է 41.5%-ով, իսկ ներդրումային ստանձնած պարտավորությունները՝ 9.02 մլրդ դրամ, 2022 թվականի համեմատ աճը կազմել է 39%։
2023 թվականին Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ձեռք է բերվել 11 ավտոմատ օդերևութաբանական կայան, որոնցից՝ 5–ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, 2-ում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշացման դիտարկման տվիչներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից 200 մլն.դրամ հատկացումների շրջանակում ձեռք են բերվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան և 20 հողի խորքային ջերմաստիճանի ու ձյան բարձրության չափման տվիչներ: