2023-ին Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ձեռք է բերվել 11 նոր ավտոմատ օդերևութաբանական կայան: Նաև պետական բյուջեից գումար է հատկացվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան ձեռք բերելու համար: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Սրանք գործողություններ են, որոնք մեզ օգնում են եղանակի կանխատեսման ավելի լավ հնարավորություն ունենալ: Այս ավտոմատ կայանները մեզ գրեթե օնլայն ռեժիմով տալիս ես քամու, խոնավության և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք պետք են եղանակի կանխատեսման առումով»,- ասաց նախարարը:
Բյուջեից շուրջ 300 մլն դրամ է հատկացվել նաև օդի որակի մոնիթորինգի երկու կայան գնելու համար:
«Իհարկե, երկու կայանը մեզ բավարար չէ: Մենք հաջորդիվ կդիմենք բյուջետավորման՝ և՛ Երևանի, և՛ մարզերի համար նոր կայաններ գնելու: Սա շատ կարևոր է օդի աղտոտվածության իրավիճակը շտկելու և ավելի կառավարելի դարձնելու գործընթացի խթանման համար»,- ասաց նախարարը: