Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագծի քննարկման նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, աշխատանքային հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Ներկաները մտքեր են փոխանակել գործընկերության օրակարգում՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համատեքստում արձանագրված առաջընթացին և Հայաստանի եվրոպական ձգտումներին համապատասխանեցնելու հնարավորությունների շուրջ: