Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, միանշանակ դրանց տեղերը վերանայվելու են: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա այս համատեքստում անդրադարձավ նաև ավտոբուսների համար նախագծվելիք առանձնացված գծերին:
«Երևան քաղաքում ավտոբուսները և հանրային տրանսպորտը ստանալու են առաջնահերթություն, և իրենց համար նախագծվելու են առանձնացված գծեր: Մի հատ փորձարկում արել ենք նախորդ տարի: Այս տարի անելու ենք ամբողջական ավտոբուսային գծեր այն հատվածներում, որտեղ հանրային տրանսպորտի ամենաինտենսիվ երթևեկությունն ունենք: Եվ սա համադրելու ենք նաև մեր մետրոպոլիտենի աշխատանքի հետ:
Որպես արդյունք՝ ասեմ, որ էականորեն գծերի քանակը նվազելու է, բայց այդ տրանսպորտով տեղափոխվող մարդկանց քանակն էականորեն ավելանալու է:
Մենք ինչո՞ւ ենք պարկը ավելացնում, որովհետև կարիքը կա: Եվս 171 հատ ավտոբուս՝ հիմա և ևս 250 հատ 18 մետրանոցի կարիք ունենք դեռևս, այսինքն՝ այդ կարիքը մենք դեռևս չենք բավարարել»,- ասաց նա: