Ե՛վ այս տարի, և՛ անցած տարի ունեինք շատ մեծ ռիսկ՝ դաբաղ, ծաղիկ և այլ հիվանդությունների, բայց մենք 2,3 մլրդ դրամով և մեր աշխատանքի միջոցով կարողացանք դա հաղթահարել՝ ի տարբերություն Վրաստանի: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ արդյունք կա դաբաղի և անասնապահության բնագավառում հիվանդությունները կանխարգելելու ծրագրից, որի համար 2023 թվականին 2,3 մլրդ դրամ էր հատկացվել:
«Հիմա Վրաստանից Հայաստան, օրինակ, եթե ուզենաք գնալ, ոչխարի միս ներմուծել, չեք կարողանա, քանի որ այդ երկրում կա ծաղիկ հիվանդություն: Բայց մեր երկրից Վրաստան կարող ենք արտահանել, որովհետև մենք կարողացել ենք կանխարգելել և այնպես անել, որ մեր երկրում չլինեն այդ հիվանդությունները»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ ծրագրի ուղղությամբ աշխատանք է իրականացվել նաև 2024 թվականին:
«Հիմա կարող եմ պնդել, որ 2024-ին էլ ենք հաջողել, և մենք ունեցել ենք անասնահամաճարակային տարբեր վտանգավոր իրավիճակներ, բայց մենք հիմա, կարող եմ ասել, որ չունենք այդ իրավիճակը, և դա, եթե գեղարվեստական ձևակերպենք, նախարարության և մարզպետարանների համար անքուն գիշերներ են արժեցել, որովհետև հասկացել ենք՝ ինչ ռիսկի վրայով ենք գնում, և այդ ռիսկը լուծել ենք»,- ասաց նախարարը: