Հորդառատ անձրևներից ուժեղ ջրհեղեղներ են սկսվել Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում:
Գերմանիայի հարավում իրավիճակն արդեն որակվում է որպես «աղետալի», մինչդեռ ջրհեղեղի գագաթնակետը, ըստ փորձագետների, սպասվում է շաբաթվա կեսին։ Տեղում աշխատում են շտապօգնության աշխատակիցները, փրկարարներ և զինվորականներ: Աղետի զոհերի թիվը հասել է հինգի։
Շվեյցարիայում Արե գետը, որը Հռենոսի ձախ վտակն է, ափերից դուրս է եկել մի շարք շրջաններում: Իշխանությունները ենթադրում են, որ առաջիկա օրերին գետի ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ:
Իտալիայում տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նատիսոն գետի վարարման հետևանքով զոհվել է երկու զբոսաշրջիկ, երրորդի որոնումը շարունակվում է:
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Ավստրիայում Դանուբի ամբողջ հունը փակ է նավարկության համար։ Դանուբը երկրի տարածքով հոսում է ավելի քան 350 կիլոմետր։
Ուժեղ ջրհեղեղների մասին տեղեկություններ են ստացվել նաև Լեհաստանից: Որոշ շրջաններում հաշված ժամերի ընթացքում մեկ քառակուսի մետրի վրա գրանցվել են ավելի քան 50 մմ տեղումներ։ Հատկապես տուժել է Սիլեզիայի Բելսկո-Բիալա քաղաքը։ Հորդառատ անձրևներից և ամպրոպներից հետո հեղեղվել են բազմաթիվ ճանապարհներ, տներ ու շինություններ, ինչպես նաև երկաթուղային գծեր: