Երկու տարի բացատրական աշխատանքներ տանելուց հետո անցած տարվա դեկտեմբերից սկսեցինք հանձնակատարների նշանակումները: Նշանակումները սկսեցինք Եվրոպայից: Այս պահին ունենք 13 հանձնակատար, որոնք նշանակվել են Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Լեհաստանում: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Միաժամանակ աշխատում ենք այլ աշխարհամասերում հանձնակատարի թեկնածուների բանկի ստեղծման ուղղությամբ:
Որոշ դժվարություններ ունենք ՌԴ-ի դեպքում: Բացատրության անհրաժեշտություն էլ չկա, քանի որ այնտեղ մի քիչ բարդ է»,- ասաց Սինանյանը և պարզաբանեց՝ ՌԴ համապատասխան կառույցներին տեղեկացրել են, որ նման որոշում ունեն, վերջիններս սկզբից դրական են արձագանքել, բայց, ըստ Սինանյանի, վերջին 2,5 տարում «որոշ բաներ են փոխվել»:
«Չենք ուզում սուր քայերի դիմել ո՛չ հանձնակատարների թեկնածուներին որևէ վնաս հասցնելու իմաստով, ո՛չ անիմաստ նշանակումներ անելով, որը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել»,- ասաց նա:
Այս պահին գրասենյակն աշխատում է Հյուսիսային Ամերիկայի հանձնակատարների թեկնածուների ուղղությամբ, Ավստրալիայում ևս թեկնածուներ կան ու շատ են:
«Նման խնդիր էլ ունենք, որ որոշ տեղերում շատ ավելի շատ թեկնածուներ ունենք, քան անհրաժեշտ է, որոշ տեղերում էլ, կախված ներքին համայնքային կոնյունկտուրայից, չունենք բավարար թեկնածուներ»,- ասաց նա:
Հանձնակատարները նշանակվում են աշխարհագրական տարածքի մակարդակով՝ կախված համայնքների խտությունից: Օրինակ՝ Լեհաստանում 1 հանձնակատարից ավելին ունենալն անիմաստ է, իսկ Ֆրանսիայում շատ հանձնակատարներ են անհրաժեշտ:
«Օդից չենք ընտրում այս մարդկանց, սրանք մարդիկ են, որոնք համայնքներում գործում են, որոնք ունեն կարողություն, ցանկություն, ազդեցություն՝ լինելու պետության՝ կոնկրետ սփյուռքի գլխավոր հանձնակատարի ու համայնքի միջև»,- ասաց նա:
Ըստ Սինանյանի՝ նշանակված հանձնակատարների հետ արդեն իսկ սկսվել են անհատական ու խմբային հանդիպումները, քննարկվել է պատասխանատվությունների ուղեցույցը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ կարևորում է հանձնակատարի ինստիտուտը, այն է՝ սփյուռքի հայրենակիցների հայկական օրակարգերին սինքրոնացնելու հարցը, քանի որ կարծում է՝ սփյուռքում երբեմն լավ չեն պատկերացնում, թե Հայաստանում ինչպիսին են իրական օրակարգերը: