Հանրային հեռուստաընկերության վրա դրվում են պարտավորություններ, որոնց համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Նախընտրական շրջանում ՀԸ-ին լրացուցիչ միջոցներ չհատկացնելը դասական օրինակներից մեկն է, երբ պարտավորություն դրվեց՝ բանավեճ կազմակերպելու, բայց դրա միջոցները Հանրայինին չհատկացվեցին: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Մեզ շատ հաճախ ասում են, որ պետք է դիմեք նախապես՝ հաջորդ տարվա բյուջեի ծրագրում, իսկ մենք հարցնում ենք՝ շա՛տ լավ, եթե արտահերթ ընտրություններ են լինում, այդ ժամանակ ի՞նչ պետք է անենք: Այսինքն՝ անընդհատ մենք այս խնդիրն ունենում ենք: Եվ ինչպես տեղի ունեցավ անցած տարի՝ Երևանի քաղաքապետի կամ ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ նախորդ տարիներին Հանրային հեռուստաընկերությունն այս խնդիրը լուծելու հարցում միայնակ է մնում, և մենք տարբեր տարիների տարբեր միջազգային գործընկերներից ենք ներգրավել միջոցներ»,- ասաց նա:
Ըստ Մովսիսյանի՝ ֆինանսական միջոցներն էին նաև պատճառը, որ նախընտրական բանավեճի տաղավարը համեմատաբար փոքր էր:
«Անհամատեղելի են այն պարտավորությունները, որոնք դրվում են, և այն ֆինանսները, որոնք չեն հատկացվում, և սա, կարծում եմ, պետք է հաշվի առնենք հետագայում:
Քանի որ բարձրացրիք հարցը՝ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) հետ կապված, մենք ունենք լուրջ հակասություններ ԸՕ-ի հետ, և «Հանրային հեռարձակողի [մասին]» օրենքի հետ կապված ունենք լուրջ հակասություններ: ԿԸՀ-ի հետ էլ ենք քննարկել: Չեմ ուզում հիմա բովանդակության մեջ մտնել, բայց իրար հակասող բաներ կան: Մի քանի անգամ բարձրացրել ենք այս հարցը: Ասել են՝ քննարկումներին ձեզ կհրավիրենք, բայց այդ քննարկումներին չեն հրավիրել, կամ չգիտեմ՝ քննարկումներ եղե՞լ են, թե՞ չէ»,- ասաց նա:
Թեմայի շրջանակում Հովհաննես Մովսիսյանը նաև անդրադարձավ Հանրային ՀԸ-ի բյուջեին՝ նշելով, որ այն 2015 թվականից չի փոխվել:
«Հանրային հեռուստաընկերությունը 2015 թվականից այս կողմ աշխատում է առանց 1 դրամ բյուջեի բարձրացման, և դա մեզ համար լուրջ խնդիր է, քանի որ մենք աշխատում ենք տեխնիկայի հետ՝ սկսած տեխնիկայի թարմացման բյուջեից, որը Հանրայինը չունի և ստիպված վարկային միջոցներ է ներգրավում, վերջացրած աշխատավարձի և այլ հարցերով»,- ասաց նա: