Ես չեմ կարող որևէ դիրքորոշում ունենալ, որովհետև այս պահին «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային ալիքը գործում է, և մենք էլ կառավարում և վերահսկում ենք այն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հնչած այն կարծիքին, թե միգուցե ալիքի մշակութային-կրթական հաղորդումները ի վիճակի չեն բավարարել բոլորի ճաշակը:
«Ես համաձայն եմ. այո՛, բոլորի ճաշակը հնարավոր չէ բավարարել. ավելին ասեմ. մենք էլ ենք համարում, որ Հայաստանի հասարակությունն ավելի մեծ կարիք ունի մշակութային, կրթական հաղորդումների, բայց, ցավոք սրտի, հասարակական տրամադրությունները և քաղաքական բևեռացվածությունը հասարակության մեջ նաև թույլ չեն տալիս, որ մարդիկ սպառեն մշակույթ, կրթվեն, թեկուզ մեծահասակները, ոչ միայն երեխաները, և, միանշանակ, այդ հանրօգուտ բովանդակության պահանջը միշտ ավելի մեծ է:
Որ ասեմ, որ ճաշակը բավարարում է 100 տոկոսով, դա անհնար է ընդհանրապես որևէ տեղ, բայց ես կարծում եմ, որ այն, ինչ որ գնում է հանրային հոգևոր-մշակութային եթերով, մշակութային է, հանրօգուտ և կրթական»,- նշեց Արա Շիրինյանը: