Այս պահին ինքներս սերիալներ գրեթե չենք արտադրում: Միայն մանկապատանեկան թեմայով սերիալ է եղել, և կարիք ունենք, որպեսզի ՀՀ-ում գործող ֆիլմարտադրող, կինոարտադրող ընկերությունները նույնպես լծված լինեն այս գործին: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի դիտարկմանը, թե կարելի է սերիալներ արտադրել և դրանցով կրթական բովանդակություն տարածել, օրինակ՝ վատ արարքների դատապարտում:
Ըստ Շիրինյանի՝ խնդիրը հին է և բազային: Նրա կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերությունը պիտի կարողանա արտադրել այս բովանդակությամբ սերիալներ ու գեղարվեստական ֆիլմեր, բայց դրա համար չկա ֆինանսական հնարավորություն:
«Պարզ ասեմ՝ Հայաստանում սերիալ նկարել չենք կարողանում: Մենք գրեթե չունենք հաջողված փորձ: Մեկ-երկու կիսահաջողված փորձ կարող ենք նշել, բայց սա խնդիր է ՀՀ-ի համար, և սա վաղուցվա խնդիր է, և սա միայն Հանրային հեռուստաընկերությունը չի կարող [խնդիրը լուծել]: Որևէ սերիալ արտադրելու համար մեզանից գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը: Նկատի ունեմ այն ամենապարզ, նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են որակյալ սերիալ նկարահանելու համար»,- ասաց նա:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որը ևս ներկա էր կատարողականի քննարկմանը ԱԺ-ում, արձագանքեց՝ կրթական ու ոչ կրթական թեմաներով բովանդակություն Հանրային հեռուստաընկերությունում կա, հիշեցրեց «Չորս երազանք» հեռուստասերիալի մասին, բայց միաժամանակ հրավիրեց ԱԺ հանձնաժողովին Հանրային հեռուստաընկերություն կամ Հանրային հեռարձակողի խորհուրդ՝ միասին քննարկելու հարցը:
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ պարտավորություններ, և այդ պարտավորությունները մենք փորձում ենք պահել: Եթե կա մի բան, որ կիսատ է արվում, գուցե պետք է քննարկել նաև որոշումներում և օրենքներում փոփոխություններ անելու հարցը»,- ասաց նա: