Գործում է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, առաջինը հավաստագրումն է, որը նախկինում բանավոր ու գրավոր փուլեր ուներ: Մենք դա անցած տարվանից դարձրինք միայն գրավոր, որը բավականին դյուրին է: Եթե օրենսդրությունը գիտեն, պատկերացնում են, ապա կհաղթահարեն: Երկրորդ փուլը՝ այն կոնկրետ դպրոցի, որի համար պետք է և ուզում են մասնակցել տնօրենի մրցույթի, պետք է գրեն զարգացման ծրագիր՝ 5 տարվա համար: Զարգացման ձևաչափը հաստատված է, ուղղորդումները կան: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով դպրոցների տնօրենների նշանակման կարգի մասին:
Նախարարը հիշեցրեց՝ զարգացման ծրագիրն անցնում է փորձաքննություն ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և եթե հաղթահարում են սահմանված շեմը, արդեն մասնագիտական հանձնաժողովում, որը նախարարությունում է գործում, հարցազրույց է անցկացվում:
«Մեր անցած տարվա փորձը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրի փորձաքննությունը չի հաղթահարում դիմողների 85 տոկոսը, հանձնաժողովում հարցազրույցի փուլը չի հաղթահարում 15 տոկոսի 63 տոկոսը: Սա նշանակում է, որ սկզբնական համախմբության շատ փոքր մասն է, որ կարողանում է արդյունավետորեն անցնել երեք փուլերը և նշանակվել տնօրեն, և պարզ է, որ դժգոհություններ կան»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ խնդիրն առաջին հերթին կարողությունների հետ է կապված:
Անդրեասյանը տեղեկացրեց՝ նախաձեռնել են կարողությունների զարգացման ծրագիր, որպեսզի թե՛ գործող տնօրենները, թե՛ հավակնորդները, հնարավորություն ունենան անցնելու եռամսյա դասընթացներ և բարելավելու տարրական կառավարման հմտությունները:
Նախարարի խոսքով՝ կարևոր է, որ հավակնորդը կարողանա ամրագրել տվյալ դպրոցի խնդիրները՝ կապված կրթության որակի հետ և լուծումներ առաջարկի:
«Այսինքն՝ այստեղ չկան ճիշտ և սխալ պատասխաններ: Ամեն դպրոց, իր իրավիճակից ելնելով, ունի իր հարցադրումների շրջանակը: Մարդիկ պետք է կենտրոնանան բովանդակության վրա և վերլուծեն: Ոչ միշտ է, որ ստացվում է, և այդտեղ է, որ պետք է աշխատենք»,- ասաց նախարարը: