ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության ոլորտում հերթական հաջողությունն է արձանագրել՝ փորձագետները վավերացրել են Հայաստանի 2025-2030 թթ. արտահանման ռազմավարությունը:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է էկոնոմիկայի նախարարությանն այս ռազմավարությունը մշակելու գործընթացում։ Ռազմավարության նպատակն է՝ օգնել տեղական բիզնեսներին արտահանել իրենց արտադրանքը և մուտք գործել միջազգային նոր շուկաներ: Արտահանման ռազմավարության մշակումը համագործակցային ջանք է եղել, որին մասնակցել են գործարարները, տեղական և միջազգային փորձագետները և, իհարկե, Կառավարության մեր գործընկերները:
«Ուրախ ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնառու է ներառական և մասնակցային քաղաքականության մշակմանը և պատրաստ է ի ցույց դնել ժողովրդավարության նվաճումները, որոնք հնարավոր են դարձել քաղաքացիակենտրոն ծառայությունների ստեղծման և վստահության ամրապնդմանը միտված բարեփոխումների շնորհիվ։ Օգտվելով այս հնարավորությունից՝ շնորհակալություն ենք հայտնում նախարարությանը՝ այս մոտեցումը որդեգրելու համար»,- իր ելույթում ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի Կառավարությանը՝ ստեղծելու առավել բարենպաստ միջավայր տեղական բիզնեսի և տնտեսական զարգացման համար: