ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքի համապատասխան էջում առկա է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես, ձայնագրության մեջ տղամարդիկ խոսում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ մասնակիցների գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ձայնագրության մեջ լսվող խոսակցություն ունեցած և այլ անձանց ինքնությունները։ Դեպքի առթիվ 2024 թ. հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող առարկաներ, իրեր, այդ թվում՝ սյունակով գրված անձանց անուններ՝ դրանց դիմաց գումարի չափերի նշագրումներով նոթատետրեր։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Կոտայքի մարզում հաստատված 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 2024 թ. մայիս ամսին Երևան քաղաքում իրականացվող «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
Մասնավորապես՝ վերջինիս կազմակերպմամբ 2024 թ. մայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարել է շուրջ 5000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովվել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին։ Միջնորդությունը բավարարվել է։
Որոշում է կայացվել՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով 29-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է Ոստիկանությանը։ Նախաքննությունը շարունակվում է։
Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները, հավաքին շահագրգռելու համար առերևույթ տրամադրված ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև՝ այդ գործընթացում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: