Շվեյցարիայի Ազգային խորհուրդը դեմ է արտահայտվել Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկին. ճանաչման օգտին քվեարկել է 61, դեմ՝ 131 պատգամավոր։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել էր Ցյուրիխից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆաբիան Մոլինան։
Նախագծով առաջարկվում էր ճանաչել Պաղեստինը որպես պետություն 1967 թվականի սահմաններում այն պայմանով, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ՀԱՄԱՍ-ի առևանգած պատանդներն ազատ կարձակվեն։
Խորհրդարանում քննարկման ժամանակ Պաղեստինի ճանաչմանը դեմ է հանդես եկել արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը: Նա նշել է, որ դեռ ժամանակը չէ ճանաչելու Պաղեստինը որպես պետություն։ Բացի դրանից՝ նրա խոսքով՝ Շվեյցարիայի Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականության համար պատասխանատու է երկրի կառավարությունը, այլ ոչ թե խորհրդարանը:
Ավելի վաղ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին հայտարարել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան: