Հաշվի առնելով Հայաստան-Իրան հարաբերությունների բնույթը և այն շահերը, որ Հայաստանն ու Իրանն ունեն տարածաշրջանում, որևէ հետքայլ հարաբերություններում ես չեմ տեսնում և չեմ պատկերացնում անգամ հետքայլ՝ անկախ Հայաստանում կամ Իրանում այդ պահին գործող կառավարությունների կազմից: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե Էբրահիմ Ռայիսիի մահից հետո երկու երկրների հարաբերություններում փոփոխություն նկատվո՞ւմ է:
«Իրանն առաջին պետություններից է, որ ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այսօր էլ նրանք գետնի վրա ներգրավված են խաչմերուկի կյանքի կոչմանը: Սա վերաբերում է Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածին, որը կառուցվում է իրանական ընկերությունների կողմից:
Մեղրիի անցակետի արդիականացման, շինարարական աշխատանքները նույնպես իրանական ընկերություն է հաղթել ու իրականացնում: Իրանական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են նաև ճանապարհաշինական աշխատանքներին, որոնք ՀՀ-ն հաստատում է»,- ասաց նա: