«Խաղաղության խաչմերուկի» տեսլականում շատ կարևոր ուղղություններով է մեր հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ: Մեկ այլ կարևոր ուղղություն է դեպի Կենտրոնական Ասիա ՀՀ-ի հետ հաղորդակցության է՛լ ավելի սահուն ապահովումը: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե Հնդկաստանը և Իրանը «Չաբահար» նավահանգստի հետ կապված սերտորեն համագործակցում են, իսկ ՀՀ-ն քայլել ձեռնարկո՞ւմ է այդ ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է «Չաբահարին», մենք այս պահին բավականին գործնական փուլ ենք մտել, և կա աշխատանքային խումբ Կառավարությունում՝ վարչապետի որոշմամբ ստեղծված, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը:
Քաղաքական առումով ՀՀ ԱԳՆ-ն չափազանց կարևորում է այս պրոյեկտին ՀՀ-ի ներգրավումը: Տեխնիկական առումով՝ դա պետք է լինի առանձին մաքսային կայան «Չաբահարո՞ւմ», թե՞ պիտի օգտվենք հնդկական՝ արդեն իսկ գործողից, այս պահին քննարկումներ են ընթանում և ուսումնասիրություններ են տեղի ունենում, և վերջնական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,- ասաց նա: