Մեր էքսպորտի ռազմավարությունը համարյա պատրաստ է, երբ կվերջնականացնենք, անպայման կգանք խորհրդարան: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ էքսպորտի ռազմավարության մեջ նշվել են բոլոր այն ապրանքները, որոնք ունեն արտահանման պոտենցիալ:
Ըստ նախարարի՝ ուսումնասիրություն է կատարվել, և ի հայտ են բերվել բոլոր այն ապրանքները, որոնք ունեն արտահանման պոտենցիալ տարբեր աշխարհագրական ուղղություններով՝ Մերձավոր Արևելք, Չինաստան, ԵՄ, ԱՄՆ, ՌԴ: Ապրանքները բաժանված են 4 հիմնական խմբերի՝ գործող ապրանքներ-գործող շուկաներ, գործող ապրանքներ-նոր շուկաներ, նոր ապրանքներ-գործող շուկաներ, նոր ապրանքներ-նոր շուկաներ:
«Նաև վեր են հանված ապրանքներ, որոնք մենք մտածում ենք՝ արտահանման պոտենցիալ չունեն, չենք արտահանում որևէ շուկա, նույնիսկ դրա արդյունաբերական արտադրության քիչ ծավալներ կան, բայց փորձագետները կարծում են, որ Հայաստանն ունի այդ հնարավորությունը»,- ասաց նախարարը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն արձագանքեց՝ լավ է, որ քննարկվում է ապրանքատեսակների արտահանման հարցը, բայց նաև ընդգծեց, որ մաքսային բարիերներն ամեն դեպքում ազդելու են ապրանքների մրցունակության վրա, դրանք թանկանալու են՝ գումարած ճանապարհածախսը: Ուստի Եղոյանը կարծում է՝ լավ կլիներ արտոնյալ ռեժիմով մաքսային համաձայնագիր ունենալ, որը ոչ թե սոցիալական աջակցություն կլիներ, այլ տնտեսական համագործակցության բնույթ ունեցող համաձայնագիր՝ հատուկ Հայաստանի հետ կնքված, հատուկ ՀՀ-ի արտահանման և սպառողի կարիքների համար նախատեսված:
Գևորգ Պապոյանն ասաց, որ նման գործիք կա, և որ Հայաստանն այժմ բանակցում է, որ դրա մասը դառնա:
«Հնարավորություն կա և՛ գյուղատնտեսական, և՛ արդյունաբերական ոչ բոլոր, բայց որոշ ապրանքատեսակներ առանց մաքսատուրքերի [արտահանել], այդպիսի ռեժիմ ունի ԵՄ-ն, և այդ քննարկումը մենք իրենց հետ ունենք»,- ասաց նախարարը, ապա պարզաբանեց՝ ԵՄ-ի համապատասխան քաղաքական կամքի դեպքում Հայաստանը ևս կարող է դառնալ շահառու: