ԵՄ-ից, ԵՄ կառույցներից և պետություններից 2023-ին ընդհանուր առմամբ ստացվել են 10 մլրդ 186 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որից նպատակային դրամաշնորհները կազմել են 6 մլրդ 421 մլն դրամ, ոչ նպատակային դրամաշնորհները՝ 3 մլրդ 765 մլն դրամ: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
«Ընդհանուր առմամբ ԵՄ-ից ստացված դրամաշնորհները կազմել են ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների 77,7 տոկոսը:
Դեֆիցիտի մասով վարկային առումով, վարկերի և փոխատվությունների տեսքով, ԵՄ-ից ստացվել են շուրջ 19 մլրդ 890 մլն դրամի վարկեր, որոնք եղել են նպատակային վարկեր, կազմել են արտաքին աջակցությամբ ստացվող վարկերի 16 տոկոսը»,- ասաց նա:
Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ եղել են նաև ենթավարկեր, որոնք տրամադրվել են ԵՄ վարկերի հաշվին: Այդ ենթավարկերը, ըստ նախարարի տեղակալի, եղել են 7 մլրդ 222 մլն դրամի և ընդհանուր առմամբ տրամադրված ենթավարկերի 72,6 տոկոսն են կազմել: