2023 թվականին նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր՝ 15 միջոցառումով: Փաստացի կատարողականը կազմել է 25 մլրդ 57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի համեմատ ծախսերն աճել են 41,2 տոկոսով, ճշտված պահի նկատմամբ կատարողականը կազմել է 99,5 տոկոս: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ներկայացնելով 2023 թվականին ԱԳՆ-ի՝ պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական հատվածը:
Նշվեց՝ ծախսերի հիմնական մասը պայմանավորված է արտերկրում դեսպանությունների շենքային պայմանների ապահովման ծրագրի գծով նախատեսված ծախսերով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բյուջեի կատարողականի բովանդակային հատվածը, նշեց՝ մեզ համար 2023-ի տարեսկզբից առանցքային են մնացել Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերը:
Նախարարը հիշեցրեց՝ ըստ էության, 2022-ի դեկտեմբերից ունեինք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որն ավելի քան 8 ամիս տևեց: ԱԳ նախարարը հիշատակեց՝ այդ թեմայով մեր նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու նիստերը և մեր մյուս քայլերը, միջազգային ատյանների ջանքերը, որոնք, ըստ էության, գետնի վրա արդյունք չտվեցին՝ ունեցանք ԼՂ բնիկ հայ բնակչության տեղահանություն:
«Այդ պահից սկսած՝ մեր ջանքերն ուղղված են եղել միջազգային կոնսոլիդացիայի ապահովմանը և փախստականներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման ուղղությամբ միջազգային լայն ներգրավվածությանը: Իհարկե, սրան զուգահեռ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության գործընթացը՝ մասնավորապես առաջին հերթին Ադրբեջանի հետ, եղել է մեր գործունեության հիմնական ուղղությունը՝ իր բոլոր բաղադրիչներով՝ խաղաղության պայմանագիր, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկ կամ անհրաժեշտ կանոնների ճշգրտում, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ջանքեր»,- ասաց ԱԳ նախարարը՝ հիշատակելով վստահության ամրապնդման ջանքերը, հատկապես դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում 32 հայ ռազմագերիներ և պահվող անձինք վերադարձել են հայրենիք: