Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սինգապուրում կայացած «Շանգրի-Լայի երկխոսություն» գագաթնաժողովի շրջանակում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի տարածքին արևմտյան զենքով սահմանափակ հարվածներ թույլ տալու մասին որոշում կայացնելու համար:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Զելենսկին ընդգծել է Կիևին ԱՄՆ-ի կայուն աջակցության և Կոնգրեսի ընդունած ռազմական օգնության փաթեթի կարևորությունը:
Նշվում է, որ Զելենսկին և Օսթինը քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական կարիքները, F-16 կործանիչների մատակարարումների արագացումը և ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացումը:
«Ուկրաինայի նախագահը և ԱՄՆ պաշտպանության նախարարն արձանագրել են անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: