2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ՝ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մլրդ դրամ, որից 2023 թվականի ծախսերը կազմել են 21.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.3 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, տեսչական վերահսկողության և արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագրերի կատարողականով:
Զեկուցողի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության ծրագրին է փոխանցվել 4 միջոցառում:
«Իմ գլխավորությամբ` որպես ազգային համակարգողի, շարունակել ենք մեր պարտավորությունների իրականացումը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում: Աշխատակազմի և անձամբ իմ համակարգմամբ Հայաստանում անցկացվել են մի շարք մեծ նախագծեր, որոնցից են Համահայկական խաղերի ու Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպումը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ վարչապետի որոշումներով գլխավորել է Արամ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյանական հանձնաժողովները: