ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և շնորհավորել նշանակման ու կարևոր հանձնառության ստանձնման առթիվ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալության է հայտնել ՄԱԿ-ի հետ տարբեր ուղղություններով երկարամյա համագործակցության համար և համոզմունք հայտնել՝ Ֆղանսուազ Ժակոբի նշանակմամբ արդյունավետ ծրագրերն առավել ակտիվ ընթացք կստանան: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և կառույցների միջոցով ստացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի հետևողական աջակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի իրականացման նպատակով:
«Այս համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում ներկայացվում է որպես հաջողված փորձերից մեկն առ այն, թե ինչպես կարելի է սկսել գործընկերությունը, այնուհետև այն ամբողջությամբ փոխանցել պետությանը: Կարևոր է նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ առանձնացնելով համագործակցությունը հատկապես ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործընթացում:
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է նաև կրթություն-աշխատաշուկա կապին նվիրված «Edu2Work» էլեկտրոնային հարթակի ստեղծումն ու դրա փոխանցումը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը ՄԱԿ-ի կարևոր գործընկերներից է, և հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կազմակերպության առաջնահերթություններից է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ տարատեսակ վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շուրջ աշխատանքները շուրջ 3 տարի են տևել:
«Ընդունել ենք բոլորովին նոր օրենք, որը հնարավորություն է տալիս էապես փոխել մասնագիտական կրթության որակը մեր երկրում՝ հիմնվելով դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման վրա: Սա մեզ համար ռազմավարական ուղղություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կողմերը քննարկել են նաև մշակութային ժառանգության պահպանության, սպորտի և երիտասարդության ուղղություններով համագործակցության առկա իրավիճակն ու ընդգծել դրա զարգացման մեծ ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով այն առավել խորացնելու: