Նախաքննության արդյունավետության կարևոր ցուցանիշներից է քրեական վարույթների դատավարական ավարտը: 2023-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ և եզրափակիչ ակտով դատարան է ուղարկվել 8360 քրեական վարույթ: 2022-ին այդ թիվը եղել է 4798, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է դատարան ուղարկված գործերի թիվը: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
«2023-ին կարճվել է 24944 վարույթ, իսկ 2022-ին՝ 15310: Նշված 24944 վարույթից հսկվող դատախազների կողմից վերացվել է քրեական վարույթը կարճելու մասին 535 որոշում այն դեպքում, երբ 2022-ին վերացվել է 547-ը: Այսինքն՝ թեև 2023 թվականի ընթացքում քրեական վարույթների քանակը գրեթե եռապատկվել է, սակայն դատախազների կողմից վերացնելու որոշումների թիվը նվազել է: Կարծում եմ՝ սա խոսում է առավել արդյունավետ նախաքննության իրականացման մասին»,- ասաց նա:
Արսեն Այվազյանը նաև ներկայացրեց ոլորտային վիճակագրությունը: Ըստ այդմ՝ կոռուպցիոն բնույթի հացագործությունների մասով 2023 թվականին քննվել է 1326 քրեական վարույթ, 2022-ին՝ 1218: Տրաֆիքինգի հետ կապված՝ 2023 թվականին քննվել է 38 քրեական վարույթ, իսկ 2022-ին՝ 22: Սպանության վերաբերյալ դեպքերի մասով 2023-ին քննվել է 396 քրեական վարույթ, 2022-ին՝ 283: