Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով: Այս մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:
«02.06.2024 թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, շտապ օգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից, իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժհաստատություն՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:
ՀՀ Լոռու մարզային պատասխանատուների և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է սանավիացիա, արագ կազմակերպվել է երեխայի տեղափոխումն «Արմենիան Հելլիկոպտեր» ընկերության ուղղաթիռով:
Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, գտնվում է բուժման մեջ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում»,- նշված է գրառման մեջ: