Առաջին օրվանից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) խմելու ջրի և ցանցի միջոցով մատակարարվող ջրերի և բնական աղբյուրների հետ կապված՝ իրականացնում է մշտադիտարկում: Մինչև այս պահը էական շեղումներ չեն հայտնաբերվել, բայց ազգաբնակչությանը կոչ ենք անում, որ ուշադրություն դարձնեն, որ եթե գույնի փոփոխություն նկատեն, կամ հոտի զգացողություն լինի, չօգտագործեն նման տեսակի ջուր: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը:
Նա հայտնեց, որ աղիքային կամ նման խնդիրներով դիմողներ չեն եղել: «Ալավերդու բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 3 բուժառու, բայց երեքն էլ համաճարակային իրավիճակի հետ կապված չեն դիտարկվում: Անհանգստանալու կարիք չկա, դիմելիություն չունենք այս առումով»,- նշեց նա:
«ԲԿ-ները հագեցած են անհրաժեշտ բժշկական պարագաներով, դեղորայքով, և քաղաքացիները որևէ կարիք ունենալու դեպքում կարող են դիմել Ալավերդու ԲԿ կամ գյուղական համայնքներում իրենց ԲԿ-ներ կամ ամբուլատորիաներ»,- տեղեկացրեց նա: