2018 թվականից հետո վարչապետի առաջարկով պետք է քննարկումներ տեղի ունենային Հայ Առաքելական Եկեղեցու և Կառավարության միջև, և այդ քննարկումների արդյունքում պետք է լուծվեին բոլոր հարցերը, այդ թվում՝ հարկայն դաշտի ու աջակցության հետ կապված: Ցավոք սրտի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների համապատասխան պահվածքի հետևանքով այդ երկխոսությունը չստացվեց, բայց ապագայում չեմ բացառում, որ նման հնարավորություններ կլինեն: Այդ մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե արդյոք վարչապետի աշխատակազմը հավուր պատշաճի աշխատանք տարե՞լ է ՊՊԾ-ի հետ այն մասին, որ կաթողիկոսն ունի անարգել մուտքի իրավունք անգամ Կառավարական թիվ 1 մասնաշենք:
Արայիկ Հարությունյանը նաև պարզաբանեց, որ երբ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանության գտնվող քաղաքական ուժը և Կառավարությունը համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի կամ կազմակերպման հետ:
«Հետևաբար, նման վերաբերմունք է արտահայտվում այնպես, ինչպես կլինի ցանկացած քաղաքական խմբավորման, խմբակի կամ կուսակցության նկատմամբ, որը մասնակցում է այս կամ այն քաղաքական գործընթացի:
Ինչ վերաբերում է միջոցառումներին և արարողակարգային գործընթացներին՝ էլի, երբ մի կառույցի ղեկավար, տվյալ դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխում կանգնած կաթողիկոսը, ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդություն, և այդ շարժման ներկայացուցիչները թե՛ տվյալ օրը, թե՛ տվյալ օրվան նախորդող օրերին, թե՛ վերջին օրերին դրսևորում են հասարակական կարգի խախտում, ոստիկանության և տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում, հետևաբար (եթե կոնկրետ վերաբերում է Մայիսի 28-ին) մայիսի 28-ի անվտանգությունն ապահովող մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին՝ պարզելու, թե արդյոք վեղարով տվյալ տարածք եկած խումբը չի՞ պատրաստվում իր մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը: Վարչապետն այս հարցին անդրադարձել է: Երբ պարզվել է, որ նրանք ընդամենը 2-3 րոպեով պետք է բարձրանան և հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է անցնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»,- պարզաբանեց Արայիկ Հարությունյանը: