Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել է, որ Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով իրենց անդորրը խախտվելու և առողջությանը վնաս պատճառելու մասին:
«Բացի դրանից՝ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:
Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ:
Ըստ այդմ՝ արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում.
-
Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք.
-
Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք.
-
Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:
Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու 12 սեպտեմբերի, 2023 թվական N 849-Ն որոշմամբ սահմանվել են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները»,- ասված է գրառման մեջ: