Աշխատատեղի մասով ՊԵԿ-ից ստացված վերջին տվյալը ես որ գիտեմ,- հիմա դա բնականաբար փոփոխված կլինի,- 13 հազար մարդ արդեն անցել է աշխատանքի, 4300-ից ավելի միայն մեր միասնական սոցիալական ծառայության միջոցով, որից 3000-ն այդ ուղղորդման վայրերում են աշխատել: Զուգահեռ մենք 1000 հոգու համար զբաղվածության պիլոտային նախաձեռնությամբ հանդես եկանք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերին՝ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Երբ ծրագիրը մեկնարկում էր, տարբեր լրատվականներ, տարբեր քաղաքական գործիչներ որոշակի կասկածներ ունեին, որ մարդիկ որոշում չեն կայացնի սահմանամերձ բնավակայրերում բնակարան կառուցել և ապրել: Այս պահին մենք ունենք ավելի քան 1100 հաստատված հայտ: Ընդամենը 1 տարուց քիչ այս ժամանակահատվածում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում»,- խոսելով սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրի մասին՝ ասաց Նարեկ Մկրտչյանը:
Անդրադառնալով քաղաքական իրավիճակին՝ Նարեկ Մկրտչյանը նշեց. «Կառավարությունում խուճապային տրամադրությունների մեջ չեն: 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է ժողովրդավարական իրավիճակ; Յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր շարժում՝ հանուն տարբեր գաղափարների, կարող են իրենց կամքը արտահայտել, իրենց դրսևորումները ժողովրդավարական գործիքակազմերի համատեքստում իրականացնել մինչև այն պահը, քանի դեռ օրենք չի խախտվել»:
Նրա խոսքով՝ ցանկացած գործընթաց ընդունելի կամ ոչ ընդունելի պետք է լինի ժողովրդի, հանրության կողմից: Եթե հանրությունը ընդունելի կհամարի այս շարժումը, իր առաջ մղած գաղափարները, մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի կամքի հետ միշտ հաշվի ենք նստելու: 2018 թվականից հետո ստեղծված իրականության առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ցանկացած մարդ կարող է դուրս գալ և զբաղվել քաղաքականությամբ՝ լինի հոգևորական և այլն, իրենք են որոշում, գնահատականը ժողովուրդը կտա»,- նշել է նախարարը: