Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը՝ հունիսի 3-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկմանը ներկայացնելով ««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Փոխնախարարը նշել է, որ 2017 թվականից Կառավարությունը քննարկել է բանկին 5 բաժնեմասով միանալու հարցը, որը բանկի կողմից մերժվել է: Ներկայումս կա ԵՆԱԲ-ին 374 բաժնեմասով միանալու և անդամ դառնալու մասին Կառավարության որոշումը:
Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ ռիսկերի և վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսանկյունից նախագիծն արդարացված է: Հայաստանը միանալու է 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ ԱՄՆ դոլար է, որի 20 տոկոսի վճարվում է, իսկ մնացածը՝ ցպահանջ: ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին:
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը հանձնաժողովում քննարկվել է նաև աշխատանքային կարգով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվել են հիմնականում տեխնիկական բնույթի առաջարկություններ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկություն՝ ըստ որի պետական բյուջետային ծրագրերի գնահատումը կիրականացնի Կառավարության անունից լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: