Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց տարբեր խմբերի կողմից հնչեցվող ահազանգը, որ կենդանաբանական այգում կա փիղ՝ Բունկան, որը միայնակ է բնակվում։
«Տարբեր խմբեր ահազանգում են, որ այդ պայմանները լավը չեն, և պետք է քայլեր ձեռնարկեինք»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում են աշխատանքները։
Քաղաքապետին զեկուցվեց, որ այս գործընթացը ծավալել են մի խումբ ակտիվիստներ դեռ մի քանի առաջ: Վերջիններս նշում են, որ փիղը ոչ միայն բնակվում է միայնակ, այլև պայմաններն իրեն համապատասխան չեն, և Կենդանաբանական այգու ընդլայնման գործընթացի շրջանակներում առաջին բաներից մեկը, որ նախաձեռնել են, փղի նոր ազատավանդակի կառուցումն է, որը հնարավորություն կտա և՛ Բունկային լավ պայմաններ ապահովել, և՛ ունենալ հնարավորություն՝ երկրորդ փիղ ունենալու համար։
«Ինչ վերաբերում է առաջարկին, երեք սցենար էին նկարագրել, որոնցից առաջինը փղի տեղափոխումն էր Կամբոջա, մեկ այլ սցենար՝ որ նա մնա Կենդանաբանականում, բայց ունենա համապատասխան պայմաններ, իրականում տեղափոխությունը շատ ավելի մեծ ռիսկեր էր պարունակում, քան մնալը, սա քննարկվել է, գործողությունները դեպի ընդլայնում ենք տանում»,- հայտնեցին քաղաքապետին։
Ավինյանը հետաքրքրվեց, թե որքան է տևելու գործընթացը։ Նրան զեկուցվեց, որ նախորդ տարի հայտարարվել էր ազատավանդակի ընդլայնման մրցույթ, սակայն չէին ունեցել մասնակից, նոր մրցույթի բացումը կլինի հունիսի 13-ին, և այս տարի պետք է որ ունենան մասնակից, և նախագծումն ու կառուցումը այս տարի պետք է որ սկսեն արդեն։